BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ելք»-ի պաստառների վնասումն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները

«Ելք»-ի պաստառների վնասումն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները
08.03.2017 | 01:07

Քարոզարշավի երրորդ օրը Վանաձորի կենտրոնական փողոցներում փակցված՝ «Ելք» դաշինքի պաստառները վնասվել և պատռվել են: Դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Քրիստ Մարուքյանն առավոտյան տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդներ դիտավորյալ վնասում պաստառները: Հիմնականում վնասվել են «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող՝ թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված Էդմոն Մարուքյանի նկարով պաստառները: Քրիստ Մարուքյանը չի բացառում, որ ոմանք փորձել են այդպիսով «արջի ծառայություն մատուցել»:


«Երևի թե որոշ մարդիկ ջղաձգվել են Էդմոն Մարուքյանի առաջադրմամբ, նաև կարող է լինել այնպես, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձել է արջի ծառայություն մատուցել: Եթե առաջիկա օրերին նման գործելաոճը դադարի, կհասկանանք, որ մասնավոր նախաձեռնություն է եղել, որը չի ողջունվել, բայց եթե շարունակվեն նման դեպքերը, ուրեմն դա իրականացվում է հատուկ հրահանգով»,- ասաց Քրիստ Մարուքյանը: Կատարվածը արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Քրիստ Մարուքյանը նկատեց՝ նախկինում նմանատիպ դեպքերը հաշվի առնելով, իրենք արդեն որոշ կասկածներ ու ենթադրություններ ունեն, բայց կշարունակեն զբաղվել քարոզարշավով, իսկ գործը թող իրավապահները բացահայտեն: «Նախկինում էլ եղել են նմանատիպ բաներ, ես իմ խոսքի մեջ արդեն նշել եմ, որ դա հանրապետականի մերձակա շրջապատի գործելաոճի նման է, բայց նաև լսել ենք տարբեր տիպի հորդորներ տարբեր կողմերից, հետևաբար՝ թողնենք իրավապահներին, կբացահայտվի, կիմանանք, ովքեր են»:


«Ելք»-ի նախընտրական պաստառների վնասումն իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Որևէ իրեն հարգող ուժ շահագրգռված չէ նման էժան մեթոդներով մտնել քաղաքական պայքարի մեջ»:
ԿԸՀ-ն արձագանքել է, որ քարոզչության իրականացման ժամանակահատվածում քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:


Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ